"Youth Center for Democratic Initiatives" NGO
English version
Արխիվ
2008
2007
2006
2005



All Different - All Equal
Նորություններ
Նորությունների արխիվ »

Իրավապաշտպան Արշալույս Հակոբյանի արդարացման դատավճիռը

22.02.2010

Մամլո հաղորդագրություն
Փարիզ - ժնև- Երևան, փետրվարի 16, 2010. Իրավապաշտպանների պաշտպանության օբսերվատորիան՝ Ընդդեմ խոշտանգումների համաշխարհային կազմակերպության (OMCT) և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) համատեղ ծրագիրը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի, Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և Ընդդեմ իրավական կամայականության հիմնադրամի հետ համատեղ ողջունում են իրավապաշտպան Արշալույս Հակոբյանի արդարացման դատավճիռը:
Փետրվարի 5-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ապացույցների բացակայության պատճառաբանությամբ արդարացման դատավճիռ կայացրեց Հայաստանի Հելսինկյան Ասոցիացիայի անդամ և կազմակերպության պաշտոնական կայքէջի լուսանկարիչ պարոն Արշալույս Հակոբյանի նկատմամբ։
2009 թ-ի հունիսի 6-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը պարոն Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Կալանքը նրա նկատմամբ հետեւել էր Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ իր կողմից դիտորդական առաքելության իրականացմանը։ Ընտրատեղամաս մուտք գործելու մերժման վերաբերյալ բողոք ներկայացնելուց հետո, ոստիկանությունը հրավիրել էր պարոն Արշալույս Հակոբյանին որպես վկա եւ հետագայում ձերբակալել՝ առաջադրելով մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»։ Այդ գործի դատաքննությունը սկսվել է 2009 թ-ի սեպտեմբերի 16-ին։
Հոկտեմբերի 16-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը որոշում կայացրեց 4 ամիս կալանքի տակ գտնվող Արշալույս Հակոբյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոցը փոխարինել Հայաստանից չհեռանալու մասին ստորագրությամբ։ Նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից, իսկ դատաքննությունը հետաձգվեց՝ լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու հիմնավորմամբ։
Մեր կազմակերպությունները ողջունում են Արշալույս Հակոբյանի ազատ արձակումը և շնորհակալություն են հայտնում բոլոր անձանց, կառույցներին և կազմակերպություններին, որոնք հանդես են եկել ի պաշտպանություն Հակոբյանի։
Մեր կազմակերպությունները, այնուամենայնիվ, իրենց խորը մտահոգությունն են հայտնում պրն. Արշալույս Հակոբյանի նկատմամբ ձերբակալության ժամանակ դաժան վերաբերմունք գործադրելու կապակցությամբ։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին երաշխավորել անհապաղ, լիարժեք, արդյունավետ և անկախ քննություն, հրապարակել դրա արդյունքները եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին՝ կանգնեցնելով նրանց անկախ և անաչառ դատարանի առաջ և պատժելով օրենքով սահմանված կարգով՝ ՄԱԿ-ի իրավապաշտպանների մասին հռչակագրի և Հայաստանի կողմից վավերացված տարածաշրջանային և միջազգային պայմանագրերի համաձայն։

Աղբյուրը` http://hra.am/am/point-of-view/2010/02/16/statement




Հրատապ դիմում Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամներին

23.01.2010

Դիմում ենք ձեզ ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության կազմի մեջ Ազգային Ժողովի նախագահի կողմից վերջերս պարտադրված փոփոխությունների խնդրով: Այս փոփոխությունները հստակ և կոպիտ կերպով խախտում են ԵԽԽՎ-ի Ընթացակարգային կանոնների 6.2 կանոնի հիմքում դրված սկզբունքները, որոնց համաձայն ազգային խորհրդարանական պատվիրակությունները պետք է կազմված լինեն այնպիսի անդամության կազմով, որը կապահովի իրենց համապատասխան խորհրդարաններում ներկայացված քաղաքական կուսակցությունների կամ խմբերի արդար ներկայացուցչականությունը:

Այս կեղծավոր ձևակերպված փոփոխության վերջնական նպատակը Հայաստանի խորհրդարանում ներկայացված միակ իրական ընդդիմության` միանշանակորեն ընդդիմադիր Ժառանգություն կուսակցության, որը շարունակաբար մեղադրում է Հայաստանյան իշխանությունների կողմից կատարվող մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների շարունակական խախտումների և Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության սկզբունքների և օրենքի գերակայության հետագա թուլացման մեջ, ներկայացուցչին զրկելն է ԵԽԽՎ-ում Հայաստանի ժողովրդի իրական մտահագությունները բարձրաձայնելու իրավունքից, զրկել Ժառանգություն կուսակցությանը Հայաստանում իրական իրավիճակի վերաբերյալ ճշմարտության բացահայտման հնարավորությունից: Այս փոփոխությունների հիմնական պատճառն այն փաստն է, որ Ժառանգության կուսակցության ներկայացուցչի ակտիվ մասնակցությունը ԵԽԽՎ-ի նիստերին, Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի բյուրոյի հանդիպումներին, և, մասնավորապես, Վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի հանդիպումներին, վտանգավոր էր դառնում Հայաստանյան իշխանությունների համար:

Վերջերս վերաձևավորված հայկական պատվիրակության հավատարմագրերի հնարավոր վավերացումը Վեհաժողովի կողմից ներդրում կունանա միայն Հայաստանի ներսում մարդու իրավունքների դրության առավել վատթարացմանը, և միայն կխրախուսի ու կխորացնի անպատժելիության զգացումը ՀՀ իշխանությունների շրջանում: Սրա առաջին նշաններն արդեն իսկ ակնհայտ են, քանի որ կեղծված ընտրությունների ամենալկտի դեպքերից մեկը, որն ուղեկցվեց լրագրողների, դիտորդների ու վստահված անձանց նկատմամբ բռնություններով, տեղի ունեցավ հունվարի 10-ին, որին հաջորդեց 2010թ. հունվարի 19-ին աչքի ընկնող լրագրող և ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի անարդար դատապարտումը:

Վաթսուն տարի առաջ հիմնադիր պետությունները Եվրոպայի Խորհրդին առաջադրանք վերապահեցին հասնելու իր անդամների միջև ավելի մեծ միասնության` անձնական և քաղաքական ազատությունների և օրենքի գերակայության գաղափարներն ու սկզբունքները պահպանելու և իրագործելու նպատակով, որոնք մեր միասնական ժառանգությունն են և որոնց վրա հիմնված է իրական ժողովրդավարությունը:

Այսօր մենք դիմում ենք ձեզ` պահանջելով մերժել ՀՀ պատվիրակության դեռևս չվավերացված հավատարմագրերը և հստակ ուղերձ հղել ՀՀ իշխանությունների առ այն, որ յուրաքանչյուր նման որոշում, որը կփորձի անարդար կերպով մերժել միակ ընդդիմադիր կուսակցության ձայնը և արդար ներկայացուցչությունը ԵԽԽՎ պաշտոնական պատվիրակության կազմում, խստորեն հակասում է մեր ընդհանուր սկզբունքներից յուրաքանչյուրին, այդ թվում իշխանությունների տարանջատման սկզբունքին: Այսպիսով, մենք կոչ են անում ԵԽԽՎ-ին հաստատել, որ Եվրախորհրդի համբերությունը սահմանափակ է ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող շարունակական ոտնահարումների նկատմամբ և որ ցանկացած հետագա ուշացում ՀՀ ստանձնած հանձնառություններն ու պարտավորություններն իրականացնելու գործում այլևս ընդունելի չէ և հղի է ծանր հետևանքներով:


Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հելսինկյան քաղաքացիական ասաամբլեայի հայաստանյան կոմիտե
Զարթոնք 89
Լրագրողներ հանուն մարդու իրավունքների
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Մենք +
Հույս ՀԿ
Փաստաբաններ մարդու իրավունքների համար
Քաղացիական ազգային նախաձեռնություն ՀԿ
Էկոդար ՀԿ
Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական Կենտրոն




Իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների հայտարարությունը

09.12.2009

Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առիթով մենք` Հայաստանում գործող իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, խորը մտահոգություն ենք հայտնում Հայաստանում իրավապահ մարմինների, դատական համակարգի, արդարադատության իրականացման խնդիրների առնչությամբ:

Ցավով նշում ենք, որ 2009 թ.-ին իրավապաշտպանների կողմից գրանցվել են մի շարք դեպքեր, երբ տեղի են ունեցել խոշտանգումներ, ուժի կիրառման միջոցով կորզվել են ցուցմունքներ, դիտարկվել են արդար դատաքննության խախումներ:
Որպես վառ դրսևորում ցանկանում ենք նշել 2008թ. մարտի 1-2 իրադարձությունները և դրանց հետևող գործընթացները:

Մինչ այժմ չբացահայտված են մնում 2008թ. մարտի 1-ի երեկոյան իշխանությունների կողմից ուժի կիրառման հետևանքով տասը քաղաքացիների սպանության հանգամանքները և պատասխանատու անձինք:

Այսինքն` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից 1609, 1620, 1643, 1677 Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձևերը դեռևս լիարժեք չեն կատարվել:

Այսօր ազատազրկման վայրերում շարունակում են մնալ թվով մեկ տասնյակից ավել քաղբանտարկյալներ:

Մենք` Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում և Հայաստանի Հանրապետության իշխանություններից պահանջում ենք`

1. ներկայացնել մարտի 1-ին տասը քաղաքացու սպանության հանգամանքների բացահայտման ուղղությամբ իրականացված գործողությունները

2. շուտափույթ բացահայտել տասը քաղաքացու սպանության հանգամանքները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին` վերջ դնելով անպատժելիության մթնոլորտի խորացմանը:

3. անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին` ստեղծելով առանց քաղաքական հետապնդումների երկիր:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ
Transparency International հակակոռուպցիոն կենտրոն
Հայաստանի հելսինկյան կոմիտե
Հայաստանի հելսինկյան ընկերակցություն
Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Հայաստանյան Կոմիտե
Ընդդեմ իրավական կամայականության
Իրավունքի և ազատության կենտրոն
Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական Կենտրոն




ԵԱՀԿ Մարդկային չափումների կիրառման համաժողով 2009

10.10.2009

Ս.թ. սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցավ ԵԱՀԿ Մարդկային չափումների կիրառման համաժողովը: Ֆրիդոմ Հաուսի հրավերով համաժողովին մասնակցեց նաև ԺՆԵԿ ՀԿ ներկայացուցիչը, որը հանդես եկավ տեղական և միջազգային դիտորդական առաքելություններին վերաբերվող զեկույցով: Ստորև ներկայացվում է զեկույցի տեքստն ամբողջությամբ (անգլերեն)`

International vs. Domestic Observers
http://www.osce.org/conferences/hdim_2009.html?page=documents&author_id=931

Համաժողովի հիմնական նիստերին մասնակցելուն զուգահեռ, ԺՆԵԿ ՀԿ ներկայացուցիչը ներկա է գտնվել նաև Ֆրիդոմ Հաուսի, Բելոռուսի և Ղազախստանի ՀԿ-ների կողմից կազմակերպված հարակից միջոցառումներին, ինչպես նաև հանդիպել է ԱՄՆ-ի, Շվեդիայի և Իսպանիայի պաշտոնական պատվիրակությունների հետ:



Հոդվածին վերաբերվող նկարները նայելու համար սեղմեք այս կոճակներին:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

20.08.2009

Հայաստանի իշխանությունները իրենց բնորոշ մեթոդներով` հիմնվելով իրավապահ մարմինների և դատական իշխանության վրա, որոնք աներկբա կատարելով վերևից եկող յուրաքանչյուր հրաման, շարունակում են վախեցնելու և հաշվեհարդար տեսնելու քաղաքականությունը իրենց համար ոչ ձեռնտու քաղաքացիների նկատմամբ:
Լրագրողների և իրավապաշտպանների ձերբակալություններ, ծեծ և դատական հաշվեհարդար, 2008թ. մարտի 1-ի դեպքերով ընդդիմադիր գործիչների խայտառակ դատաստանը, իրենց իրավունքների համար պայքարող երիտասարդական շարժման մասնակիցների ձերբակալությունները և ծեծի ենթարկվելը. այս ամենը թելադրվում է Հայաստանում հաստատված ռազմաոստիկանական ռեժիմի կողմից:

Բնապահպանական շարժման ակտիվիստներից մեկի` Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդման հանգամանքը անհանդուրժողականության քաղաքականության ևս մեկ վառ դրսևորում է այլակարծության նկատմամբ:

Մենք, ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս` Հարավկովկասյան Իրավապաշտպանների ցանցի Հայաստանի անդամներս

-պահանջում ենք անհապաղ դադարեցնել քրեական գործը Մարիամ Սուխուդյանի նկատմամբ
-կոչ ենք անում իրավասու մարմիններին անհապաղ պատժել Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական գործ հարուցած մեղավորներին
-դիմում ենք միջազգային կազմակերպություններին խնդրանքով աջակցություն ցուցաբերել մեր պահանջներին և ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների նկատմամբ:

Հելսինկյան Ասոցիացիա
Սոցիոսկոպ
“Ասպարեզ” լրագրողական ակումբ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեա
Կանանց Ռեսուրսային Կենտրոն
Վերնատուն-քաղբանտարկյալների կանայք
Հանրային իրազեկման և գիտելիք կենտրոն
Ժողովրդավարությունն Այսօր
Վանաձորի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեա
Ժողովրդավարական Նախաձեռնությունների Երիտասարդական Կենտրոն




Human Rights Watch-ը մտահոգված է Արման Բաբաջանյանի առողջական վիճակով

03.08.2009

Հուլիսի 29-ին Human Rights Watcհ հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը նամակ է հղել Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին՝ ակնկալելով նրա անհապաղ միջամտությունը Արման Բաբաջանյանին հնարավորինս բարձր որակի բժշկական օգնություն տրամադրելու համար։

29 հուլիսի, 2009

Հարգելի պրն. Դանիելյան,
Մենք գրում ենք Ձեզ հայտնի լրագրող և խմբագիր Արման Բաբաջանյանի կապակցությամբ, ում զինվորական ծառայությունից խուսափելու համար երեքուկես տարվա ազատազրկման ժամկետը մոտենում է ավարտին։
Մենք տեղյակ ենք, որ պրն. Բաբաջանյանի մոտ ախտորոշվել է գլխուղեղի ուռուցք, որն ազդում է նրա տեսողության վրա և անհրաժեշտ է հրատապ բժշկական միջամտություն։ Մեզ խորապես մտահոգում է նրա առողջական վիճակը, և այդ պատճառով խնդրում ենք Ձեզ անհապաղ միջամտել և հորդորել պատասխանատու անձանց նրան հնարավորինս բարձր որակի բժշկական օգնություն տրամադրելու համար։
Արման Բաբաջանյանը «Ժամանակ» օրաթերթի հիմնադիրն է և գլխավոր խմբագիրը։ «Ժամանակ»-ը անկախ օրաթերթ է, որը հրատարակվում է Երևանում և Լոս Անջելեսում, Կալիֆորնիա։ Նրան կալանավորել են 2006թ. հունիսի 26-ին զինվորական ծառայությունից խուսափելու և իր՝ զինվորական ծառայությանը վերաբերող փաստաթղթերը կեղծելու համար։ Նա ընդունել է մեղադրանքը, վճարել է պահանջվող տուգանքը և ենթարկվել է երեքուկես տարով ազատազրկման։ Բաբաջանյանը կրել է ազատզրկման մեծ մասը, և պետք է ազատ արձակվի մոտավորապես մեկուկես ամիս անց;
2008թ. հուլիսին Human Rights Watch-ը կոչ է արել Հայաստանի իշխանություններին պրն. Բաբաջանյանին պայմանական վաղաժամկետ ազատել լավ վարքագծի համար։ Չնայած միջազգային կազմակերպությունների հորդորներին՝ Հայաստանի իշխանությունները մերժել են պայմանական վաղաժամկետ ազատումը։
Հուսով ենք, որ Ձեր լիազորությունների շրջանակում Դուք կդիմեք բոլոր քայլերին՝ ապահովելու պրն. Բաբաջանյանի՝ հնարավորինս բարձր որակի բժշկական օգնություն ստանալը։
Շնորհակալություն այս կարևոր նամակին Ձեր ուշադրության համար։
Հարգանքով,
Հոլլի Քարտներ
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի գլխավոր տնօրեն




Մարդու իրավունքների պաշտպանության ներպետական իրավական մեխանիզմներ

19.05.2009

2009թ. մայիսի 19-ին տեղի ունեցավ «Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» «ԺՆԵԿ» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված մամուլի ասուլիսը նվիրված «Մարդու իրավունքների կրթություն գյուղական համայնքներում» ծրագրի շրջանակներում տպագրված «Մարդու իրավունքների պաշտպանության ներպետական իրավական մեխանիզմներ» տեղեկատվական գրքույկի շնորհանդեսին:
Մամուլի ասուլիսի նպատակն էր ներկայացնել գրքույկը, որում հեղինակը մարդու իրավունքների պաշտպանության ներպետական մեխանիզմները դիտարկում է արդի զարգացումներով և օրենսդրության վերլուծությամբ: Գրքույկում մանրամասն ներկայացված են մարդու իրավունքների պաշտպանության ներպետական մեխանիզմաները, որոնք կարող են յուրօրինակ ուղեցույց հանդիսանալ ոտնահարված իրավունքների վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը նախատեսելիս: Գրքույկում մանրակրկիտ անդրադարձ է կատարվել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության բոլոր հնարավոր մեխանիզմների կիրառման հնարավորությանը` այդ թվում, փաստաբանական ծառայության, հանրային պաշտպանության, հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբերի, հասարակական կազմակերպությունների և այլ միջոցներին: Գրքույկը նախատեսված է ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդկանց և հասարակական կազմակերպությունների համար: Այն կարող է նաև օգտակար լինել իրավաբանական ֆակուլտետներում սովորող ուսանողների և մարդու իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրվող անձանց համար:
«Մարդու իրավունքների կրթություն գյուղական համայնքներում» ծրագիրը ֆինանսավորվում է Երևանում ԱՄՆ դեսպանատան և ԱՄՆ Պետական Դեպարտամենտի կողմից:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել Տաթևիկ Մատինյանին +(374 322)40910, +(374 91)255898 հեռախոսահամարներով:




Գերազանց գնահատական «ԺՆԵԿ» ՀԿ-ին

26.03.2009

«Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» ՀԿ-ն
01.08.2008 - 31.01.2009.թթ. ժամանակահատվածում իրականացրել է «Շահերի պաշտպանության քարոզարշավ հանուն կանաչ Վանաձորի» շահերի պաշտպանության նախաձեռնությունը, որի իրականացման արդյունքում «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից կազմվել է ծրագրի ավարտական հուշագիր, որի հեղինակները հուշագրում նշել են որ. «… հաշվի առնելով ծրագրի իրականացման արդյունքում ձեռք բերած հաջողությունները, գործողությունների իրականացման աստիճանը, արդյունքներին և նպատակին հասնելու հանգամանքը, ֆինանսական և ծրագրային հաշվետվություններ հանձնելը, ներկայացված ստուգման մեթոդները, ինչպես նաև ՇՊ կարողությունների զարգացման պլանի իրականացումը` ԺՆԵԿ ՀԿ-ի կողմից իրականցված ծրագրի կատարողականությունը գնահատվել է Գերազանց»:




Հայաստանի իշխանությունները պետք է ամբողջովին հարգեն հավաքների ազատության սկզբունքը, ասում են ԵԽԽՎ զեկուցողները

17.02.2009

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի վերաբերյալ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը և Ժորժ Կոլոմբիյեն իրենց մտահոգությունն են հայտնել իշխանությունների 2009թ. մարտի 1-ին Երևանի կենտրոնում Հայկական Ազգային Կոնգրեսին (ՀԱԿ) խաղաղ հանրահավաք կազմակերպել չթույլատրելու որոշման կապակցությամբ: Նրանք ընդգծեցին, որ Վեհաժողովը տարբեր առիթներով կոչ է արել իշխանություններին ամբողջովին հարգել հավաքների ազատության սկզբունքը Հայաստանում և անհարկի սահմանափակումներ չդնել ընդդիմության կողմից կազմակերպվող խաղաղ հավաքների վրա` հատկապես հավաքների համար հայցվող վայրերի հարցում: Նրանց կարծիքով խաղաղ հանրահավաքներ կազմակերպելու բոլոր քաղաքական ուժերի հնարավորությունը ժողովրդավարության էական բաղադրիչներց է, և, հետևաբար, նրանք կոչ են անում իշխանություններին թույլատրել, որ նման խաղաղ հանրահավաքները կայանան առանց խոչընդոտների` հայցվող վայրերում:




Human Rights Watch. «2008 թվականին Հայաստանն ապրել է ամենալուրջ ճգնաժամը անկախությունից ի վեր»

15.01.2009

«2008 թվականին Հայաստանն ապրել է քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների ամենալուրջ ճգնաժամը անկախությունից ի վեր», - փաստում է Human Rights Watch հեղինակավոր միջազգային կազմակերպությունը երեկ հրապարակած զեկույցում:

«Միջազգային փորձագետների համոզմամբ, մարտի 1-ին անվտանգության ուժերը անհամարժեք ուժ են կիրառել նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ, իսկ մարտի 1-ից հետո հայտարարված արտակարգ դրությունը ժամանակավորապես սահմանափակել է մի շարք հիմնարար իրավունքներ: Երկու գործողություններն էլ լայն քննադատության են արժանացել միջազգային հանրության կողմից», - փաստում է Human Rights Watch-ը:

Թվարկելով անցած տարի տեղի ունեցած հիմնական իրադարձությունները` զեկույցի հեղինակները գրում են. -«Փետրվարի 19-ի ընտրություններում հաղթեց վարչապետ Սերժ Սարգսյանը, սակայն այդ ընտրության վրա ստվեր գցեցին քվեարկության օրը տեղի ունեցած բռնություններն ու կեղծիքները»:

Արձանագրելով, որ քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում ընդդիմադիր ակտիվիստները, լրագրողներն ու տեղացի դիտորդները հարձակման են ենթարկվել, Human Rights Watch-ը ընդգծում է. -«Հարձակման որոշ դեպքեր արձանագրվել են ոստիկանության եւ ընտրական գործընթացում ներգրավված պաշտոնյաների ներկայությամբ: Վերջիններս, սակայն, տեղի ունեցածին չեն միջամտել, ավելին` մեկ դեպքում ոստիկանը աջակցել է հարձակվողներին: Միջազգային դիտորդները հաղորդել են ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումների, այդ թվում` քվեարկության օրը իրականացված քարոզչության, քվեաթերթիկների լցոնման, ընտրակաշառքների եւ հաշվարկման ժամանակ տեղ գտած սխալների մասին: Դիտորդները միաժամանակ քննադատել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` բողոքների հավուր պատշաճի հետաքննումը ակնհայտորեն ձախողելու համար»:

Անդրադառնալով հետընտրական զարգացումներին` հեղինակավոր կազմակերպությունը փաստում է. - «Ընդդիմության հիմնական թեկնածուի` Lեւոն Տեր-Պետրոսյանի հազարավոր աջակիցներ ընտրություններից հետո սկսեցին բողոքի ցույցեր անցկացնել Երեւանի կենտրոնում, որոնք 10 օր շարունակ խաղաղ բնույթ էին կրում: Մարտի 1-ին, սակայն, ոստիկանության հատուկ ուժերը հակամարտության մեջ մտան ցուցարարների հետ, նրանց նկատմամբ անհամաչափ ուժ գործադրեցին, մահակներով ծեծի ենթարկեցին եւ հարձակվեցին փախուստի դիմող ցուցարարների վրա»:

Զեկույցը փաստում է, որ բռնություններ են արձանագրվել նաեւ ցուցարարների կողմից. մի քանիսը քարեր են նետել եւ մեքենաներ այրել:

Հարյուրավոր ընդդիմադիրների ձերբակալելուց հետո, ըստ իրավապաշտպան կազմակերպության, ոստիկանները մի շարք ընթացակարգային խախտումներ են թույլ տվել, այդ թվում` ազատազրկվածներին զրկել են արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունից, փաստաբանից: Իսկ արդեն դատաքննության ընթացքը կասկածներ է առաջացրել արդար դատավարության վերաբերյալ. - «Մի շարք կալանավորներ դատապարտվեցին բացառապես ոստիկանության ցուցմունքների հիման վրա եւ արագացված դատավարությամբ»:

Անդրադառնալով մարտի 1-ի իրադարձությունների անկախ հետաքննությանը` զեկույցը նշում է. -«Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ճնշումների տակ Հայաստանի իշխանությունները որոշակի քայլեր են կատարել այս ուղղությամբ, սակայն արձանագրված զոհերի համար մինչ օրս որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել»:

Զեկույցի համաձայն, անցած տարվա ընթացքում ոտնահարվել է նաեւ խոսքի ազատության իրավունքը, բռնություններ են կիրառվել իշխանություններին քննադատող լրագրողների նկատմամբ. - «Փետրվարյան բողոքի ցույցերը լուսաբանող լրագրողները թիրախ էին դարձել ոստիկանության համար: Մասնավորապես, իրավապահների կողմից հարձակման է ենթարկվել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ով ավելի ուշ` մարտի 1-ին արդեն ծեծվել է ոստիկանների կողմից, ձերբակալվել, ստացած վնասվածքների պատճառով տեղափոխվել հիվանդանոց եւ ազատ արձակվել միայն Հայաստանի օմբուդսմենի միջամտությունից հետո: Մարտի 1-ին ոստիկանությունը խոչընդոտել է նաեւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի աշխատանքը, ծեծել վարորդին, ինչպես նաեւ ձերբակալել երկու լրագրողների` Գյումրիում եւ Երեւանում տեղի ունեցած ցույցերի ժամանակ»:

Զեկույցն անդրադառնում է նաեւ Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությունում հարկային մարմինների կատարած ստուգումներին եւ հայտնաբերած չարաշահումներին` փաստելով. -«Այս քայլերը լայնորեն ընկալվում են որպես հաշվեհարդար` առաջին նախագահ Lեւոն Տեր-Պետրոսյանի` կառավարության գործունեությունը քննադատող ելույթները հեռարձակելու համար»:

Զեկույցը փաստում է, որ մասնագիտական գործունեության համար բռնությունների են ենթարկվել նաեւ մի շարք լրագրողներ, այդ թվում` «Հայկական ժամանակ»-ի թղթակից Lուսինե Բարսեղյանն ու «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակի ղեկավար Հրաչ Մելքումյանը:

Human Rights Watch-ի հաղորդմամբ, տարվա ընթացքում ոտնահարվել է նաեւ մարդկանց` ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը: Փաստելով, որ մարտին հայտարարված արտակարգ դրության օրերին Ազգային ժողովը սահմանափակումներ է մտցրել այս դաշտը կարգավորող օրենքում, ապա միջազգային հանրության ճնշումների տակ վերանայել դրանք, զեկույցը արձանագրում է. - «Կառավարությունը մերժել է ընդդիմության բազմաթիվ դիմումները` մարտի վերջին հրապարակային ցույցեր անցկացնելու վերաբերյալ, առնվազն 90 մարդ ձերբակալվել է` խաղաղ քաղաքական զբոսանքների մասնակցելու համար»:

«Բացի այդ», - շարունակում են զեկույցի հեղինակները, - «հայաստանյան իրավապաշտպանների համաձայն, մարտի 1-ի կապակցությամբ ազատազրկվածներից մի քանիսը ֆիզիկական ճնշումների են ենթարկվել ձերբակալության ժամանակ, ոստիկանության մեկ բաժանմունքից մյուսը տեղափոխելիս կամ մեկուսարանում, մինչդեռ պաշտոնյաները չեն հետաքննել այս բողոքները»:

Ընդհանուր առմամբ, ըստ զեկույցի, խոշտանգումներն ու ազատազրկվածների նկատմամբ վատ վերաբերմունքը մնում են լայնորեն տարածված երեւույթ Հայաստանի բանտերում:

Զեկույցի ամփոփիչ հատվածում Human Rights Watch-ը արձանագրում է. -«Միջազգային դիտորդները փետրվարյան նախագահական ընտրությունները գնահատեցին հիմնականում երկրի ստանձնած պարտավորություններին համապատասխան, սակայն մտահոգություններ հայտնեցին ընտրական գործընթացի վերաբերյալ: Իշխանությունների կողմից կիրառված ուժի եւ ցուցարարների ձերբակալությունների կապակցությամբ բազմիցս մտահոգություն է արտահայտել նաեւ Եվրամիությունը, իսկ Միացյալ Նահանգները սառեցրել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի 5-ամյա ծրագրի հետագա հատկացումները:


Զեկույցի` Հայաստանին վերաբերող հատվածն ամբողջությամբ մեր անգլերեն կայքում:







© 2005 - 2007 ԺՆԵԿ